Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի երեկ հրապարակված խորհրդատվական կարծիքին:
«Հրապարակվեց ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը՝ ի պատասխան Կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիման վրա ՍԴ դիմումի:
Հիշեցնեմ որ ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ հետևյալ հարցերով․
1. արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 8-րդ, 11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ,
2. եթե՝ ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում,
3. կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները,
4. քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:
Առաջին երկու հարցերի կապակցությամբ Դատարանը նշել է, որ հարցերը պետք է լինեն ազգային մակարդակում քննվող գործի փաստական հանգամանքներից ուղղակիորեն բխող։ Դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ կարող է նաև վերաձևակերպել հարցադրումները։
Դատարանն արձանագրել է, որ չի տեսել որևէ ուղիղ կապ պարոն Քոչարյանի վերաբերյալ քննվող գործի հետ։ Միաժամանակ Դատարանը դժվարացել է հասկանալ, թե ինչպիսի հարցեր կօգնեին Սահմանադրական դատարանին կողմնորոշվելու Դատարանի օգնությամբ։
Ի վերջո, Դատարանն արձանագրել է, որ չի կարող պատասխանել այդ հարցերին, քանի որ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայի 16-րդ արձանագրության չափանիշներին։
Երրորդ հարցի կապակցությամբ Դատարանը վերահաստատել է իր դատական պրակտիկայով սահմանված իրավական որոշակիության և կանխատեսելիության ստանդարտները, որոնք պետք է գնահատվեն գործի կոնկրետ փաստական հանգամանքների հաշվառմամբ։
Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ ինքնին ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմերին (օրինակ՝ Սահմանադրությանը) հղումներ պարունակող օրենսդրական տեխնիկայի կիրառությունն ինքնին չի հակասում Կոնվենցիայի 7-րդ հոդվածին, և այդպիսի տեխնիկա կիրառվում է Եվրոպայի խորհրդի անդամ տարբեր պետությունների կողմից։
Դատարանը նշել է, որ օրենքը չի կարող գերազանցել ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմերի շրջանակը, որոնց հղում է պարունակում։ Դատարանն արձանագրել է որ հենց գործը քննող դատարանը պետք է որոշի՝ արդյոք քրեական պատասխանատվությունը կանխատեսելի էր ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից և համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքներին։
Չորրորդ հարցի կապակցությամբ Դատարանն այս հարցով ևս հղում է կատարել իր դատական պրակտիկային, որի մանրամասն ուսումնասիրությունը կօգնի կողմնորոշվելու օրենքի հետադարձ ազդեցության հարցի կապակցությամբ ձևավորված ստանդարտներում։
Դատարանն արձանագրել է, որ առաջադրված հարցի պատասխանը կլինի չափազանց վերացական և այդ իսկ պատճառով դրան չի կարող պատասխանել։
Այնուամենայնիվ, Դատարանը հուշել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ տարբեր պետություններ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի հետադարձ ազդեցության վերաբերյալ գործերով կիրառում են կոնկրետացման սկզբունքը, որի շրջանակներում ներպետական դատարանները պետք է քննարկեն կոնկրետ գործի փաստական հանգամանքները և պատասխանեն հարցին, թե արդյոք նոր օրենքն ավելի խի՞ստ է, քան նախորդը։
Դատարանն արձանագրել է, որ եթե նոր օրենքն ավելի խիստ չէ, ապա որևէ խնդիր չի կարող առաջանալ դրա հետադարձ ազդեցության կիրառման առումով։ Ազգային դատարանը պետք է գործի քննության շրջանակներում պարզի՝ արդյոք մեղադրանքի բոլոր բաղադրիչները քրեականացված են նոր օրենքով և արդյոք քրեականացված էին նախորդ օրենքով։
Եթե ամփոփենք,
ՄԻԵԴ-ն իր կարծիքով դատարանին հատուկ լակոնիկ և հարգալից ձևակերպումներով արտահայտել է իր զարմանքը 1-ին և 2-րդ հարցերի կապակցությամբ, որոնք ոչ միայն հասկանալի չէ, թե ինչպես են փոխկապակցված կոնկրետ գործի հետ, այլ նաև այն աստիճան անորոշ են եղել, որ դրանք որևէ պիտանի վերաձևակերպման հնարավոր չի եղել ենթարկել։
3-րդ և 4-րդ հարցերի կապակցությամբ Դատարանը խորհուրդ է տվել հնարավորինս ուշադիր և մանրամասն ուսումնասիրել դատարանի զարգացրած պրակտիկան, այլ երկրների փորձը և հարցերին վերաբերող հետազոտությունները, որոնք օգտակար կլինեն հարցերով հետաքրքրվող անձանց։
Դատարանն իր կարծիքի շրջանակներում փաստել է, որ, ըստ էության, ՍԴ-ն անելիք չունի այս հարցով, և 3-րդ և 4-րդ հարցերը պետք է լուծի գործը քննող ներպետական դատարանը՝ ելնելով կոնկրետ գործի փաստերից և առանձնահատուկ հանգամանքներից»,- գրել է նա Ֆեյսբուքի էջում։