ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի արձանագրման առաջին իսկ օրերից Հայաստանը սերտորեն համագործակցել է Վրաստանի Կառավարության հետ։
«Այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում։ Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը։ Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի»,- ասաց վարչապետը՝ անդրադառնալով Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանը, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը պետք է փոխադարձաբար պատրաստակամություն ունենան միմյանց օգնելու։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել։ Եվ այս ընթացքում մենք մշտապես պետք է իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետև համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, ընդհանուր սպառնալիք են։ Մենք մեր հարևաններ Վրաստանի, Իրանի և մեր միջազգային գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցելու»,- ընդգծեց նա: