Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը խռովությունների մեծ ալիք է բարձրացրել ամբողջ Միացյալ Նահանգներում: Արդարություն են պահանջում ոչ միայն Մինեապոլիս քաղաքում, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը, այլև՝ երկրի բազմաթիվ բնակավայրերում՝ գրում է BBC-ն:
Բողոքի ցույցեր են կազմակերպվել նաև Վաշինգտոնում: Հարյուրավոր ակտիվիստներ հավաքվել են Սպիտակ տան մատույցներում՝ իրենց բողոքն արտահայտելու ոստիկանության ամենաթողության դեմ, որի հետևանքով մահացել էր 46-ամյա սևամորթ քաղաքացին:
Հիշեցնենք, որ Մինեապոլիսում ձերբակալության ժամանակ ոստիկաններից մեկը գետնին էր տապալել Ջորջ Ֆլոյդին և ծնկով սեղմել կոկորդը: Աֆրոամերիկացին շնչահեղձ էր եղել՝ կորցնելով գիտակցությունը, այնուհետև՝ մահացել հիվանդանոցում: Ողբերգական դեպքի մասնակից չորս ոստիկանները հեռացվել են աշխատանքից: Իսկ Ֆլոյդի կոկորդին ծնկած իրավապահի դեմ մեղադրանք է առաջադրվել անզգուշության հետևանքով սպանության գործով: