Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի, Կանադայի և Ճամայկայի վարչապետների կողմից նախաձեռնված «Ֆինանսավորումը զարգացման համար Կովիդ-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով մայիսի 28-ին կազմակերպված բարձրաստիճան միջոցառման շրջանակներում ուղերձ է հղել:
«Պարոն Գլխավոր քարտուղար,
Մեծարգո պետությունների ղեկավարներ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք.
Ապրելով մեր ժամանակների ամենահզոր ճգնաժամը, որն առաջացել է COVID-19 համավարակի պատճառով՝ սա կարևոր հարթակ եմ համարում քննարկելու և միասին հասկանալու, թե ինչ է այն նշանակում համաշխարհային տնտեսության համար և ինչպես հաղթահարել այն:
Համավարակը սահմաններ և ազգություններ չի ճանաչում. այն ազդեցություն է թողել մեզնից յուրաքանչյուրի կյանքի վրա, և մենք դրան կարող ենք հակազդել միայն համատեղ ջանքերով:
Համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքներն արդեն իսկ ցայտուն են և կշարունակեն լրջորեն ազդել շատերի կյանքի վրա, քանի որ դրա բացասական միտումները պատճառ կդառնան այնպիսի դժվարությունների, որոնք միշտ չէ, որ կլինեն մեզ հանդիպած դասական խնդիրները:
Մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն առաջնային համարելով՝ մեզանից շատերը սահմանեցին տարբեր տիպի սահմանափակումներ տնտեսական գործունեության և ազատ տեղաշարժի վրա, ինչը հանգեցրեց խափանումների մատակարարման համաշխարհային շղթաներում:
Անկախ չափից և զարգացման մակարդակներից՝ բոլոր տնտեսությունները լրջորեն տուժել են: Բիզնեսը փորձում է օպտիմալացնել իր ծախսերը հաղթահարելու համար ճգնաժամը, մինչ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքներն ու որպես արդյունք կրճատում իրենց ծախսերը:
Դժբախտաբար, մեզ համար պարզ է դարձել, որ ինչ-որ ժամանակ դժվար է լինելու միջամտել այս ցիկլիկ գործընթացին, քանզի համավարակի հետևանքների դեմ պայքարելու համար առկա գործիքներն անբավարար են:
Քանի որ համաշխարհային տնտեսությունը պետք է ձևավորի ավելի նորարարական և թիրախային գործիքներ այս ճգնաժամը հաղթահարելու համար, այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ մենք պետք է համագործակցության և միմյանց աջակցության նոր չափանիշներ սահմանենք՝ մեր տնտեսությունները վերականգնելու նպատակով:
Հայաստանի տնտեսությունն արձանագրել է միջինում 7 տոկոս կայուն աճ նախորդ տարիներին: Կառավարությունը հաստատել է մի շարք միջոցառումներ մեղմելու համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները: Այնուամենայնիվ, մեր նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսությունն անկում կապրի 2020 թվականին՝ արձանագրելով իրական ՀՆԱ բացասական աճ -2%-ով:
Մեր երկրի տնտեսական և ֆինանսական դիմադրողականությունը բարձրացնելու համար մենք շարունակում ենք մշակել մեր քաղաքացիներին և տնտեսությանը աջակցելու կարճաժամկետ և միջնաժամկետ նոր միջոցառումներ:
Ինչպես ավելի վաղ ընդգծեցի, կարևոր է, որ մենք շարունակենք աշխատել միասին մեր փոխկապակցված աշխարհի համար միասնական լուծումներ գտնելու նպատակով:
Հետևաբար, մենք միասնության, համերաշխության և համաշխարհային գործընկերության կոչ ենք անում ՝ մեղմելու այն դժվարությունները, որոնք դեռ առջևում են:
Մենք պատրաստ ենք մեր կարողությունների առավելագույն չափով մեր ներդրումն ունենալու այս գործընթացին:
Եղեք առողջ և ապահով:
Շնորհակալություն»,- ասված է ուղերձում: