ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու հնարավորությանը:
«Անընդհատ ստանում ենք հաղորդագրություններ, թե արդյոք ԿԳՄՍ-ն պատրաստվո՞ւմ է սեպտեմբերից ևս դասերն անցկացնել հեռավար կարգով: Ասեմ, որ դրա համար ունենք բոլոր հնարավորությունները: Բայց կա մի մեծ բայց, որը պետք է միասին լուծենք: Գիտեք, որ իրավիճակը կորոնավիրուսի տարածման հետ կապված բարդանում է, լարվածությունը մեծանում է: Թվերն են այդ մասին վկայում: Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին: Դրանք են՝ դիմակ կրելը, դիմակ կրելն այն ցուցումներին համապատասխան, որը սահմանված է: Երկրորդ՝ հաճախ ախտահանել ձեռքերը, սա առանց հոգնելու սովորեցնել մեր երեխաներին, աշակերտներին, և երրորդ՝ պահպանել սոցիալական հեռավորությունը»,- հայտարարեց նախարարը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ մտահոգիչ են դպրոցական խնջույքների կազմակերպման դեպքերը: Ըստ նախարարի՝ դրանք վարակի տարածման աղբյուր են: «Այս մասսայական միջոցառումներով մենք հեռացնում ենք բնականոն կյանք վերադառնալու հնարավորությունը, և երկրորդ՝ երեխաները հիվանդությունը ասիմպտոմ կկրեն՝ վտանգելով իրենց ծնողների, տատիկ-պապիկների կյանքը»,- ասաց նա:
Հարությունյանի կարծիքով՝ այս հարցն ունի լուծում՝ ավելորդ շփումների պակասեցում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում: Առանց սրանց՝ զրոյի ենք մոտեցնում վարակվելու հավանականությունը և սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու հնարավորությունը: