ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ թեև վերջին օրը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը նվազել է, բայց պետք է շարունակել դիտարկումները՝ համոզվելու, արդյոք բովանդակային բան փոխվե՞լ է, թե՞ ոչ:
Ըստ վարչապետի, չնայած նախորդ օրվա համեմատությամբ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց թիվը նվազել է 209-ով, դրանից համաճարակային իրավիճակի մեր գնահատականը չի փոխվում: Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք:
Վարչապետի խոսքով, այս ընթացքում էլի ենք ունեցել նման նվազում, երբ մայիսի 25-ի 452 դեպքից հետո հաջորդ օրը՝ մայիսի 26-ին ունեցել ենք 289 դեպք, որից հետո դեպքերն էլի սկսել են աճել՝ 372, 460:
«Համաճարակային իրավիճակի վերաբերյալ մեր գնահատականները չեն փոխվել,- ասաց վարչապետը՝ հավելելով,- հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, բայց ուզում եմ ընդգծել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում է դա լինելու խստիվ անհրաժեշտություն, և այն, որ կանոնները պատշաճ մակարդակի չեն պահվում, վկայում է այն, որ ոստիկանությունը երեկ օրվա ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ՝ դիմակ կրելու կանոնները խախտելու հանգամանքներով, մոտ 1300 արձանագրություն է կազմել, տեսչական մարմինները մոտ 87 կազմակերպության գործունեություն դադարեցնելու առաջարկ են ներկայացրել պարետատուն, և գործունեությունը դադարեցվել է»:
Վարչապետը մեկնաբանեց, թե ինչու նույն ընտանիքի անդամների համար մեքենաներում պարտադիր է դիմակ կրելը: «Ավտոմեքենային տրվել է փակ կարգավիճակ, ինչպես, օրինակ՝ առևտրի կետերում, սուպերմարկետներում, այնպես էլ՝ մեքենաներում, հասարակական տրանսպորտում, նույն ընտանիքի անդամները պարտավոր են կրել դիմակներ: Երբ մենք նախկինում ասում էինք՝ բացառել առանց դիմակի շփումը ընտանիքի անդամ չհանդիսացող քաղաքացիների հետ, դա չի նշանակում, թե ընտանիքի անդամների հետ ամեն տեղ և ամենուր կարելի է շփվել առանց դիմակի: Այո, ավտոմեքենաների մեջ, տրանսպորտային միջոցներում, փակ տարածքներում, աշխատավայրերում, տնից դուրս պետք է ընտանիքի անդամների հետ շփվել դիմակներով: Իսկ տներում նույնիսկ հարևանների հետ պետք է շփվել բացառապես դիմակներով: Ուզում եմ շեշտել՝ բացօթյա առևտրի վայրերում էլ պետք է լինել դիմակով, թե գնորդը, թե վաճառողը պարտադիր պետք է լինեն դիմակով, անկախ նրանից, որ այդ գնումը բացօթյա տարածքում է»:
Վարչապետը ուշադրություն հրավիրեց «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսի վրա: «Այսօր մեր սիրելի շատ երիտասարդներ առաջնորդվում են այն կանխավարկածով, որ եթե երիտասարդ են, չունեն քրոնիկ հիվանդություններ, մեծ հավանականությամբ կորոնավիրուսն իրենց համար մեծ առողջական պրոբլեմներ չի ստեղծի, կա հավանականություն, որ հիվանդությունը կտանեն առանց սիմպտոմի, առանց բարդությունների: Բայց ուզում եմ շեշտել՝ սա չի նշանակում, որ իրենց վարակվելու հետևանքով կյանքեր չեն խլվի: Երիտասարդի ասիմպտոմ դեպքը կարող է վարակել այլ երիտասարդի, նա էլ՝ այլ երիտասարդի, նա էլ՝ իր ծնողին կամ տատիկին կամ պապիկին»: