Օդորակիչների օգտագործումը գրասենյակներում, բանկերում, խանութներում ու այլ փակ տարածքներում վտանգավոր է և կորոնավիրուսի տարածման տեսանկյունից մեծ ռիսկեր է պարունակում՝ լրագրողներին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Նա բացատրել է, որ արգելվելու է այն օդորակիչների օգտագործումը, որոնք փողոցից օդ չեն վերցնում:
«Կենցաղային օդորակիչները, որոնք սովորաբար մենք օգտագործում ենք, սառեցնում են օդը, որը պտտվում է սենյակի ներսում: Ցավոք, դրանց օգտագործումը մեծ ռիսկ է պարունակում: Եթե օդորակիչը դրսից օդ չստանա, վտանգավոր կդառնա դրա օգտագործումը: Գիտեմ՝ ամռանը շոգ է լինելու, մեզ համար դժվար է լինելու, մենք սովորել ենք օդորակիչին, բայց դրանց օգտագործումն առայժմ կարգելվի»,- ասել է Իմնաձեն:
Հիշեցնենք՝ վարակաբաններն արգելել են նաև հանրային տրանսպորտում օդորակիչներ միացնելը: Փոխարենը՝ ավտոբուսներն ու երթուղայինները երթևեկելու են բաց պատուհաններով, որպեսզի տրանսպորտային միջոցը լավ օդափոխվի: