Վրաստանում այսօրվանից գործարկվել են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակները, այդ թվում՝ մետրոն՝ հայտնում է վրացական
1tv.ge կայքը։ Հարևան երկրում նույնպես երթևեկելիս անհրաժեշտ է պահպանել կոնկրետ կանոններ, այդ թվում՝ դիմակ կրել։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ եթե ուղևորները առանց դիմակի մտնեն մետրո, ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, ապա պարեկային ոստիկանությունը քաղաքացիներին թույլ չի տա երթևեկել։
Երթուղային տրանսպորտում կանգնելն արգելվում է: Բացի դրանից՝ ինչպես նշել է քաղաքապետ Կախա Կալաձեն, օդորակիչը չի աշխատի հասարակական տրանսպորտում, քանի որ դա վիրուսի տարածման վտանգներից մեկն է:
Մետրոյի կայարանի մուտքերի մոտ վաղ առավոտից փակցված են հրահանգներ, որոնցում նշված է, որ մետրոյով երթևեկել ցանկացող քաղաքացիներին չի թույլատրվում կայարան մուտք գործել առանց դիմակի։ Մետրոյի աշխատակիցները քաղաքացիներին կոչ են անում պահպանել հեռավորությունը։ Տարածքը բաժանված է ոստիկանության կողմից դեղին ժապավենով, որտեղ մուտքը-ելքը առանձնացված է, ջերմաչափումներ ու ախտահանումներ նույնպես տարածքում իրականացվում են:
Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հասարակական տրանսպորտի՝ մետրոյի և ավտոբուսների երթևեկությունը մարտի 30-ին արգելվել էր, իսկ միկրոավտոբուսների աշխատանքը Վրաստանում դադարեցվել էր մարտի 18-ից: