Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան։Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Անմիջապես սահմանին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Բագրատաշեն» բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ աշխատանքային թիմը սահմանված կարգով ջերմաչափել է երկիր ժամանող բոլոր քաղաքացիներին, արտաքին զննմամբ դիտարկել նրանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը: Բոլորին տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ ու ձեռնոցներ։ Տրվել են ինքնամեկուսացման ծանուցագրեր։
Որևէ քաղաքացու մոտ ջերմություն և կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել։ Քաղաքացիների մուտքը երկիր առավել արագ և սահուն կազմակերպելու նպատակով ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետի թիմը համալրվել էր։
Ավելի վաղ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացիները Հայաստան են տեղափոխվում մեր երկրի կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով։
«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան դեռևս փակ է», - ասված էր տարածած հայտարարությունում։