Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևին հրավիրել են Գերմանիայի արտգործնախարարություն Բունդեսթագի սերվերների վրա հաքերային հարձակումների առիթով: Պաշտոնական Բեռլինը հայտարարել է, որ դատապարտում է հարձակումները և խթանելու է այդ գործողության մեջ ներգրավվածների նկատմամբ համաեվրոպական պատժամիջոցների կիրառմանը:
Գերմանիայի կառավարությունը մտադիր է Բրյուսելի միջոցով ակտիվացնել «ԵՄ կիբեռպատժամիջոցների ռեժիմը» Բունդեսթագի դեմ կիբեռհարձակումների պատասխանատու անձանց, այդ թվում հետախուզման մեջ գտնվող Դմիտրի Բադինի նկատմամբ: Նա համարվում է Fancy Bear հաքերային խմբի անդամ, որը կապված է Ռուսաստանի հետախուզության հետ:
Ըստ Spiegel-ի՝ դա կլինի առաջին դեպքը, երբ Եվրամիությունը կիբեռհարձակումների համար կօգտագործի դեռևս անցյալ տարի մշակած պատժամիջոցների մեխանիզմը:
Մոսկվան պնդում է, որ կապ չունի կիբեռհարձակումների հետ: Ըստ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ գերմանական կողմը չի ներկայացրել հարձակմանը Մոսկվայի ներգրավվածությունը հաստատող ապացույցներ: