ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է բնակարանների կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս պատկերին:
«10 փաստ՝ բնակարանների կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս աղավաղված պատկերի մասին։
Սրանք ընդամենը փաստեր են, մեկնաբանությունները՝ հետո։
Եվ այսպես.
-
Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարանների) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։
-
Միայն Երևանում կա 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող և գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան։ Ի դեպ, եթե ձեզ հայտնի է բնակարան մայրաքաղաքում, որ 3 միլիոն դրամից պակաս արժի, կխնդրեմ նշել քոմենթներում։
-
Հայաստանում կա 135 հազար բնակարան, որոնց համար միջինում վճարվում է տարեկան ընդամենը 1800 դրամ գույքահարկ (ամսական 150 դրամ):
-
Հայաստանի 432 հազար բնակարաններից փաստացի գույքահարկ է վճարվում 257 հազարի համար։ Ընդհանուր տարեկան գումարը՝ ընդամենը 1 միլիարդ դրամ։
-
Գույքահարկով հարկվող բնակարանների միջին տարեկան հարկը կազմում է ԸՆԴԱՄԵՆԸ 3900 դրամ։
-
Հայաստանում կա ընդամենը 6 հազար բնակարան, որոնց կադաստրային արժեքը 20 միլիոն դրամից (42 հազար դրամից) բարձր է։
-
Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է։
-
Երևանի կենտրոնում՝ Հերացի փողոցում գտնվող` 80 հազար դոլար շուկայական արժեքով 120 ք.մ բնակարանի համար տարեկան վճարվում է 9 հազար դրամ գույքահարկ, այսինքն՝ 8 անգամ քիչ, քան 5-6 հազար դոլար արժեցող 15 տարվա «Մերսեդեսի» գույքահարկը։
-
Երևանի Շենգավիթ համայնքում 74 ք.մ մակերեսով բնակարանի գույքահարկը տարեկան 730 դրամ է (ամսական՝ 61 դրամ):
-
«Բոնուս». մի քանի տիպային օրինակներ՝ մարզային քաղաքներից
Գավառ, Բոշնաղյան փողոց։ 144 ք.մ։ Շուկայական արժեքը՝ 10.5-11 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 3.3 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 440 դրամ։
Կապան, Դավիթ-Բեկ թաղամաս։ 130 ք.մ։ Շուկայական արժեքը՝ 14-15 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 2.5 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։
Գյումրի, Հաղթանակի պող.։ 150 ք.մ։ Շուկայական արժեքը՝ 28-30 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 6.3 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 3400 դրամ։
Սպիտակ, Ս. Ավետիսյան փող.: 154 ք.մ։
Շուկայական արժեքը՝ 14-15 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 2.6 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։
Աբովյան, Բարեկամության հրապարակ։ 116 ք.մ։
Շուկայական արժեք՝ 15-16 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 4 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ հազար դրամ։
Այսքանը՝ դեռ միայն բնակարանների մասով
Շարունակելի...», գրառել է ԱԺ իմքայլական պատգամավորը: