Մեր կողմից բազմիցս հայտնած մոտեցումներն ու դիրքորոշումները տեղ են գտել ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մեջ առկա է «բլանկետային նորմ» հասկացությունը, որը ոչ թե Քրեական օրենսգրքի, այլ Սահմանադրության մեջ է: «ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել, եթե այն բավարար հստակ է և կանխատեսելի, մինչդեռ 300.1-րդ հոդվածում կանխատեսելիություն չկա»,- ասաց Ա.Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ ըստ ՄԻԵԴ կարծիքի՝ արարքի շրջանակը պետք է լինի հստակ: Պաշտպանի դիտարկմամբ՝ 300.1-րդ հոդվածը նաև այդ պահանջին չի բավարարում: Իսկ հետադարձ ուժի մասով, ըստ պաշտպանի, նշվել է, որ այն արարքը, որը խստացնող է, չի կարող հետադարձ ուժ ունենալ, ավելին, պետք է դիտարկել ներպետական պրակտիկան:
Ա.Վարդևանյանը կարծում է, որ եթե խնդիր չլիներ, ՄԻԵԴ-ը վարույթ չէր ընդունի հայցը: Ուստի, ըստ նրա՝ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի նպատակն է՝ օժանդակել ներպետական դատարաններին՝ մեկնաբանելու և կիրառելու կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները: Նա նշեց, որ ՄԻԵԴ-ը տվել է այն նպատակները, շրջանակները, որով ՍԴ-ն պետք է առաջնորդվի:
Նշենք, Մարդու իրավունքների եվրապական դատարանն այսօր հրապարակել է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը: