Մարդու իրավունքների եվրապական դատարանը հրապարակել է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը:
ՄԻԵԴ-ը չի պատասխանել ՍԴ առաջին երկու հարցին, պարզաբանելով, որ չեն կարողացել գտնել ուղիղ կապ այդ հարցերի ու ընթացիկ ներպետական դատավարության միջև:
Հիշեցնենք, ՍԴ առաջին երկու հարցերը հետևյալն էին.
1. որակական նույն պահանջնե՞րն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) արդյոք Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 8.11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ:
2. եթե՝ ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում:
Երրորդ հարցն առնչվում է հետևյալին՝ կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները:
ՄԻԵԴ-ը պատասխանել է, որ քրեական իրավունքումայդպիսի իրավադրույթը, որն օգտագործում է բլանկետային հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան, ինքնին Հոդված 7-ի հետ անհամատեղելի չէ։ Ավելին Եվրոպայի խորհրդի մի շարք պետություններիհամապատասխան իրավանորմերի համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ տեխնիկան լայնորեն օգտագործվում է սահմանադրական կարգի դեմ այդօրինակ հանցագործությունների սահմանման նպատակով:Քրեական օրենսգրքի դրույթը և այն դրույթը, որին վերջինս հղում է կատարում /տվյալ դեպքում Սահմանադրության դրույթը/ միասին վերցրած պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե որ վարքագիծը կհանգեցնի քրեական պատասխանատվության։
Ի թիվս այլի, որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի հստակ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։
Ինչ վերաբերում է չորրորդ հարցին՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում մեղադրանքի առաջադրման վերաբերյալ, ՄԻԵԴ-ը կարծիք է հայտնել, որ գնահատականները պետք է տրվեն՝ հաշվի առնելով գործի հանգամանքների առանձնահատկությունները, ոչ թե վերացականորեն։
Հիշեցնենք՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի (Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա) համաձայն՝ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Ինչպես նաեւ չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։
Միաժամանակ, նույն հոդվածում ամրագրված է, որ այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն: