Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, որոնց թվում է նաև նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համատեղ հայտարարությունը:
Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.
«Խորհրդի հարգելի նախագահ,
կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Հարգելի Սերգեյ Նիկոլայի,
Հայկական կողմի անունից անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ:
Մեր հանդիպումը տեղի է ունենում հեռահար կերպով, բայց մենք անկեղծորեն հույս ունենք, որ մոտ ապագայում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը կտրուկ կփոխվի, և հնարավոր կլինի հանդիպումների անցկացումը դեմ առ դեմ ձևաչափով:
Այս պայմաններում, երբ աշխարհի բոլոր պետությունները կանգնած են սահմաններ չճանաչող համավարակի հետ կապված մարտահրավերների առջև, ջանքերի միավորման անհրաժեշտությունն ակնհայտ է:
Կորոնավիրուսի սպառնալիքի վերացման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերը նախաձեռնելու և բազմակողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու մեր երկրների պատրաստակամության հերթական հաստատումը ավելորդ չի լինի: Այս կապակցությամբ պատեհաժամ և ընդունելի ենք համարում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հայտարարության ընդունման վերաբերյալ մեր ռուսաստանյան բարեկամների նախաձեռնությունը:
Համոզված ենք, որ համատեղ անհետաձգելի միջոցառումների ընդունումը, այդ թվում՝ տնտեսական և սոցիալական բնույթի, թույլ կտա առաջ շարժվել համավարակի դեմ պայքարում և դրա հետևանքների հաղթահարման գործում:
Ելնելով դրանից՝ մենք մտադիր ենք ԱՊՀ շրջանակներում այսուհետ ևս շարունակել համագործակցության ամրապնդումը՝ մեր երկրների սանիտարա-համաճարակաբանական և ֆինանսա-տնտեսական անվտանգության հուսալի ապահովման նպատակով:
Պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսային համավարակի հետևյալ վիճակագրությունը՝ արձանագրված են հիվանդության 8676 դեպք, բուժման մեջ է գտնվում 5212 հիվանդ, առողջացել է 3297 մարդ, և ցավոք, մահացել է 120 մարդ:
Արտակարգ դրության ժամանակահատվածում մեր նախաձեռնած կարանտինային միջոցառումները պայմաններ ապահովեցին առողջապահական համակարգի սովորական ռեժիմով գործառնության համար: Մենք նաև ավելացրել ենք թեստերի, ԹԱՕ սարքավորումների, բժշկական դիմակների ռեսուրսները, կազմակերպել ենք մասնագետների վերապատրաստում:
Այնուհետև մենք գնացել ենք արտակարգ դրության ռեժիմի թուլացմանը և, ըստ էության, թույլատրել ենք տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ կանոններին խստագույնս հետևելու պայմանով, որոնց խախտման դեպքում խիստ տուգանքներ են կիրառվում:
Զուգահեռաբար, մենք փաստացի արդեն կիրարկել ենք շուրջ 20 աջակցության խոշոր միջոցառում սոցիալական ոլորտում, ինչպես նաև տնտեսական ոլորտում՝ մասնավորապես հավելյալ իրացվելիություն տրամադրելով բիզնեսին: Այդ իմաստով, կարծում ենք, որ մեր միջոցառումներն ամբողջությամբ վերացրել են այն մեկանգամյա ցնցումը, որը տեղի էր ունեցել սահմանափակումների պատճառով:
Հարգելի Աբդուլլա Նիգմատովի,
Շնորհակալ ենք այսօրվա նիստը անցկացնելու Ձեր նախաձեռնության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը լիովին աջակցում է ուզբեկական նախագահության նպաստակաուղղված մոտեցումներին, որոնք միտված են համագործակցության դրական դինամիկայի զարգացմանը:
Հարգելի գործընկերներ,
Նորից հայտարարելով, որ հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով՝ ստիպված ենք արձագանքել:
Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը և խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը:
Այս կապակցությամբ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել ադրբեջանական մեր գործընկերներին, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման համար՝ միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:
Ցանկանում եմ նաև հիշեցնել և վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը:
Հարգելի գործընկերներ,
Վերադառնալով այսօրվա նիստի հարցերին՝ ուզում եմ ընդգծել, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում ԱՊՀ-ն անցել է կենսագործունեության ձևի և միջպետական հարաբերությունների մեթոդների որոնման դժվարին ուղի:
Վստահ եմ, որ համակարգային մոտեցումը կընկնի հաստատման համար մեզ ներկայացված՝ մինչև 2030 թվականը Անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025թթ.) իրականացման միջոցառումների ծրագրի մշակման գործընթացի հիմքում:
Շահագրգիռ պետությունների միջև բազմակողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում ենք որպես անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում: Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել նման համագործակցության փաստացի ձևաչափին:
ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագրի ընդունումը հիմնված է միասնական կազմակերպա-տեխնիկական մոտեցումների վրա՝ հիմքում ունենալով դրա զարգացման և կատարելագործման տեսակետերի ընդհանրությունը: Վստահ ենք, որ դրա իրականացումը թույլ կտա ապահովել կառավարման անհրաժեշտ որակ՝ առկա ռեսուրսների առավել լիարժեք և արդյունավետ օգտագործման հաշվին:
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում խիստ կարևորելով բազմակողմ համագործակցությունը՝ կողմ ենք ղրղզական կողմի առաջարկին ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի տեղակալի նշանակման առաջարկին:
Մենք մտադրված ենք խորացնել կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը: Մեր կարծիքով, ԱՊՀ-ն զգալի ներուժ ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգի ձևավորման գործընթացում:
Այս համատեքստում ԱՊՀ ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը համապատասխանում է կադրերի պատրաստման որակը բարձրացնելու մեր ընդհանուր ձգտմանը՝ բարձրագույն կրթական և լրացուցիչ մասնագիտական համատեղ ուսումնական ծրագրերի իրականացման ցանցային ձևի ներդրման միջոցով: Մեր կարծիքով հետագայում դա բարենպաստ ազդեցություն կունենա համատեղ գիտական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացման վրա:
Ցանկանում եմ նաև վերահաստատել մշակութային բազմազանության պահպանմանը և մշակույթների երկխոսության զարգացմանը մեր հանձնառությունը մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման նպատակով: Այս առումով հույսեր ենք կապում մշակույթի բնագավառում 2021-2025 թվականների համար նախատեսված ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության միջոցառումների իրականացման հետ:
Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ ԱՊՀ տարածքում համագործակցության շրջանակներում համատեղ գաղափարների և նախագծերի իրականացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները և հնարավորությունները:
Մեր կարծիքով, որ այդ ներուժը պետք է լիարժեք օգտագործել՝ ակտիվացնելով ԱՊՀ տարածքում երիտասարդական համագործակցությունը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային կազմակերպությունների միջև:
Ամփոփելով ուզում եմ տեղեկացնել, որ հայկական կողմը աջակցում է համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը:
Շնորհակալ եմ ուշադրության համար»: