Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում երկու-երեք անգամ բարձրացել է: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին՝ բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող: Փաշինյանի խոսքով՝ պարգևավճարներ են ստացել շտապ օգնության աշխատակիցները:
Վարչապետն ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը բուժաշխատողների համար ապահովում է նաև կեցության և սննդի հարցերը: Փաշինյանը նշեց, որ այսօր առողջապահական համակարգը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կարիք ունի:
Կառավարության ղեկավարն ասաց, որ գործադիրը միջոցներ է ձեռնարկում վերակենդանացման բաժանմունքներում կարողություններն ավելացնելու ուղղությամբ: