Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարությունում այսօր տեղի ունեցած ճեպազրուցի ընթացքում պատասխանելով հարցին, թե կարանտինը վերացնող պետությունների համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է 6 չափանիշ, և մեր երկիրը համապատասխանո՞ւմ է արդյոք դրանց՝ նշեց, որ ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափորոշիչներով, իսկ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես մյուս երկրները, ունի ֆինանսատնտեսական, անվտանգային և սոցիալական կարիքներ, և այսօր բազմաթիվ երկրներ, չհամապատասխանելով ԱՀԿ-ի հրապարակած չափանիշներին, վերացնում են կարանտինը:
«Թե ինչքան կվատանա իրավիճակը՝ կախված է մեզնից բոլորից, և ես հույս ունեմ, որ մեր համատեղ հանրային վարքագծի մեջ տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որ մենք ստիպված չենք լինի վերադառնալ խիստ կարանտինային համակարգի: Դա մի զարգացում է, որ մեզնից ոչ մեկը չի ուզում, պարզապես գործնականում մենք պետք է մեր վարքագծով աջակցենք այդ պրոցեսին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ եթե քաղաքացիները պահպանեն կանոնները, ապա մենք շատ արագ կունենանք կորոնավիրուսի նոր դեպքերի անկումներ և հնարավորություն կունենանք զրոյացնել դեպքերը:
Վարչապետը հիշեցրեց, որ այս միջոցառումները ոչ միայն մեր սեփական առողջության պահպանման համար են անհրաժեշտ, այլև ավելի անհրաժեշտ են խոցելի խավերի՝ տարիքով մարդկանց, հիվանդություն ունեցողների կյանքի պահպանման համար: