Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ: Վարչապետը նշեց, որ մենք 1 միլիոն բնակչին բաժին ընկնող դեպքերով անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին, և այս տեմպերով շարժվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին:
«Խոսքը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող դեպքերի քանակին է վերաբերում, և այս համավարակի տարածման այսպիսի տեմպը՝ անկախ ամեն ինչից, բերում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի ու մահվան դեպքերի աճի: Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգներին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ այսօր մայրաքաղաքում ոստիկանները և ԱԻՆ աշխատակիցները հորդորել են բոլորին դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, ախտահանել ու լվանալ ձեռքերը պարբերաբար և այլ ցուցումներ են տվել:
Վարչապետը հորդորեց բացառել շփումները ոչ ընտանիքի անդամների հետ առանց դիմակի ու սոցիալական հեռավորության պահպանման:
«Կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև ձեր կողմից պատրաստված դիմակներ: Հստակ արձանագրում ենք՝ որևէ մեկին չեն պարտադրում օրը 3-4 անգամ դիմակ գնել, դուք կարող եք պատրաստել դիմակներ, մեկ օրվա համար ունենալ 3-4 դիմակ, օրվա ավարտին դրանք ախտահանել, լվանալ, մաքրել և հաջորդ օրը նույն կերպ օգտագործել»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հակահամաճարակային կանոնները պահպանող քաղաքացիներին:
«Վստահ ենք, որ այս կանոնների ճշտգրիտ և որակլյալ պահպանումը ոչ միայն կբերի համաճարակի թվերի աճի նվազեցման, այլև մեզ կօգնի հաղթահարել համաճարակը»,- նշեց վարչապետը: