ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, վերջինիս որդու և նրա ընկերների կողմից «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ ցուցաբերած դաժանությանը՝ գրելով, որ մեղավորներն անպայման կպատժվեն:
«Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել, ստիպել տառապել, ներքաշել ընտանիքի անդամներին, մորը, տատիկին, ընկերուհուն... Անել դա` չվախենալով ոստիկանությունից, ԱԱԾ-ից, դատարաններից և, վերջապես, Աստծուց:
Սա, ըստ ամենայնի, դեռ շատ փոքր մասն է, որ գիտենք ու վստահ չեմ, որ ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ: Մի բան կարող եմ միայն ասել, որ վերադարձ այս ամենին էլ չի լինելու: Իսկ մարդակեր տեսակը` իր հովանավորներով, «փաստաբաններով», վարձու «լրագրողներով» և գյադաներով, պատժվելու է»,- գրել է Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ռուբեն Հայրապետյանի ու ևս 4 հոգու կալանավորելու միջնորդությունը բավարարվել է: