Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Իմ անկեղծ ցանկությունն ու հանձնառությունն եմ հայտնում խորացնելու մեր ժողովուրդներին միմյանց կապող և ավելի քան 1400 տարվա ավանդույթներ ունեցող բարեկամությունը։ Դրա լավագույն միջոցը մեր երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության անխափան զարգացումն ու ընդլայնումն է։
Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության նորաբաց դեսպանությունն իր գործունեությամբ նոր լիցք և որակ կհաղորդի այդ համագործակցությանը։
Խորապես տպավորված եմ քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների ուղիով առաջ շարժվելու՝ անձամբ Ձեր և Եթովպիայի կառավարության տեսլականով ու վճռականությամբ։ Համոզված եմ, որ այն բարեկամ Եթովպիայի համար կնշանավորվի կայուն զարգացման նորանոր
ձեռքբերումներով։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։