Վարակի ամենամեծ օջախը Հայաստանում մայրաքաղաք Երևանն է՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցում անդրադառնալով կորոնավիրուսով վարակման վերջին ցուցանիշներին և մեկ օրում մահվան 15 դեպքին:
«Կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրները ամենուրեք են՝ աշխատանքի վայրերում, փողոցում, հանրային տրանսպորտում, հանրային սննդի կետերում, և, հետևաբար, այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Այն է՝ դիմակի համատարած ու ամենուրեք կրումը, ձեռքերի պարբերաբար ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը: Որևէ առևտրային կետում պետք է բացառել որևէ գործարք, երբ և՛ գնորդը, և՛ վաճառողը դիմակով չեն»,- նշեց վարչապետը՝ կոչ անելով դադարեցնել դիմակների մասին հնչող շահարկումները:
Վարչապետը հիշեցրեց, որ որևէ մեկին չի պարտադրվել դիմակ գնել: «Ասել ենք, որ կարելի է դիմակ պատրաստել նաև տնային պայմաններում: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը»,- հայտարարեց վարչապետը:
«Ուզում եմ նաև ընդգծել, որ երբ ասում եմ, որ վարակի աղբյուրներն ամենուր են, սա նշանակում է, որ բազմաթիվ վարակակիրներ չգիտեն, որ իրենք վարակակիր են: Մեզնից որևէ մեկը չգիտի՝ ինքը վարակակի՞ր է, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է դիմակների արդյունավետությանը, այսօր աշխարհը դեռևս չունի կորոնավիրուսի հետ կապված ամբողջական գիտելիք: Փորձով ապացուցվել է դիմակների արդյունավետությունն այն դեպքում, երբ այն կիրառվում է համատարած: Երբ երկու հոգի շփվում են դիմակով, եթե նույնիսկ նրանցից մեկը վարակակիր է, մեծ հավանականություն կա, որ այդ վարակը չի անցնի: Մեր գնահատմամբ՝ 90-95 տոկոս հավանականություն կա, որ վարակը չի անցնի»,- ընդգծեց վարչապետը: