Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում գրանցած հաղթանակների ու հաջողությունների արդյունքում Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առթիվ Անթիլիասի Մայրավանքից իր շնորհավորական ուղերձն ու պատգամն է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը:
«Ամյակները ազգերի հավաքական հիշողությունը թարմացնող և նոր սերունդներին հիշեցումներ տվող սքանչելի, եզակի առիթներ են: Այսպես եղավ և այսպես է Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար: Դարեր շարունակ հալածանքի ճիրաններում տվայտվող մեր ժողովուրդը 1918-ի մայիսի 28-ին հռչակեց Ազատ, Անկախ Հայաստան՝ վերահաստատելով իր անկախ պետականությունը: Հրաշքին համազոր երևույթ էր Հայաստանի անկախության հռչակումը:
Երբ ամուր հավատ ու կամք կան, ներքին միասնականություն կա հայրենիքի համար գրվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, այնտեղ կա նաև հրաշք: Այսպես եղավ նաև Հայաստանի Հանրապետության կերտումը:
Առաջին Հանրապետության կյանքը երկար չտևեց, սակայն անկախության հոգին ու տեսլականը մնացին վառ հետագա սերունդների մեջ:
Պատմությունը անցած իրականության ամբողջություն չէ, պատմությունը շարունակվող ընթացք է: Վայ մեզ, եթե պատմական իրողությունները փոշիների տակ ենք պահում: Պատմությունը մեզ ասելիք ունի: 100 տարի առաջ Հայաստանի անկախությունը կերտած մեր հերոսները այսօր ևս մեզ հիշեցումներ ունեն կատարելու, եթե ականջ ունենք լսելու, եթե հավատ, կամք ու հանձնառություն ունենք այդ հիշեցումները կյանքի վերածելու:
Առաջին հիշեցում. ներկա Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետության հզորացումը, իր անվտանգության ամրացումը, իր տնտեսության ծաղկումը, միջազգային հարաբերություններում ծավալումը յուրաքանչյուր հայի, հայրենի մեր ժողովրդի համար գերագույն առաջնահերթություն են:
Հիշեցում երկրորդ. Արցախի անկախության ամուր պահպանումը, մեր հերոս բանակի առավել կազմակերպումը, Արցախի հայության՝ իր սրբազան հողին ամուր կապվածությունը յուրաքանչյուր հայի և ողջ հայությանն համար պետք է դառնան ամենօրյա պատգամ: Չմոռանանք, որ Արցախի հզորացումը, անվտանգության ամրացումը Հայաստանի հզորացումն են: Հայաստանի ու Արցախի հզորացումը մեր ազգային պահանջատիրության ամուր հիմքն է:
Հիշեցում երրորդ. զգույշ, հազար անգամ զգույշ նայեք պատմությանը: Ինչ էին Հայաստանի պայմանները 1918-ին: Տնտեսական տագնապ, համաճարակ, արտաքին ճնշում և Հայաստանը՝ շրջապատված թշնամիներով: Համեմատենք անցյալի Հայաստանը ներկայի Հայաստանի հետ: Մի՞թե նույնը չէ կացությունը՝ առավել կամ նվազ չափով:
Զգույշ, Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա, այսօր ևս մեր պայմանները դառն են՝ ներքին թե արտաքին: Հետևաբար, հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա բևեռացումներ առաջացնող, ներքին լարվածություն սրող, մեր ժողովրդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից:
Ցանկացած ժամանակներից ավելի մենք պետք է համախմբենք մեր ժողովրդի՝ համայն հայության ներուժը: Հարգել Մայիսի 28-ը, հարգել Մայիսի 28-ի հերոսներին՝ կնշանակի հավատարին մնալ նրանց նվիրական կտակին, հավատարիմ մնալ Արցախին ու Հայաստանի անկախությանը»,- նշեց Արամ Ա Կաթողիկոսը: