ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ:
«Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ մեր արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորն են։
Մեր սեփական պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է, որ առաջնորդվում է սեփական ժողովրդավարական կառույցներով ու իրավունքի գերակայության թելադրանքով։
Մեր համախմբվածությունը, համերաշխությունն ու հարգանքը իրար նկատմամբ, սեփական պետականության արժեքի գիտակցումը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար նվաճեցին ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
Սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ու պատմական պատասխանատվությամբ ենք ստեղծել Հայաստանի անկախ Հանրապետությունը։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ»,- ասված է ուղերձում: