ՀՀ և ԱՀ բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց 1918-ին ճակատամարտում զոհված հայորդիների հիշատակին:
Սարդարապատի ճակատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին առանձին-առանձին, դիմակներով մոտեցան և հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանց անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հուշակոթողին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հնչեցրել է աղոթք:
Նշենք, որ Սարդարապատի հուշահամալիրի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1968 թվականի մայիսին՝ Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակին: 1918-ին Արմավիր քաղաքի անվանումը Սարդարապատ էր, ինչի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը: Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը: