ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ:
«Նրան մաղթել եմ արդյունավետ աշխատանք, առաջընթաց իր ղեկավարած ոլորտներում, ինչպես նաև առաջարկել մեր նախարարության աջակցությունը ու փոխանցել համագործակցության պատրաստակամությունը։ Ի դեպ, տիկին Ղարախանյանի հետ առաջին կարճատև հանդիպումն ու զրույցը կայացել էին այն ժամանակ, երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը ներկա լինելու նպատակով Ստեփանակերտում էի։
Հեռախոսազրույց եմ ունեցել նաև գերատեսչությունը մինչ այս ղեկավարած Նարինե Աղաբալյանի հետ, նրան շնորհակալություն եմ հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ ապագայում ևս տիկին Աղաբալյանը կշարունակի աջակցել ոլորտների զարգացմանը` գործի դնելով անցած տարիներին ձեռք բերած հսկայական փորձը»,- գրել է Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում։