ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
102 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է հարյուրամյակներ անց վերականգնել պետականությունը:
Առաջին Հանրապետությունը անօրինակ հաղթանակների ծնունդ է, հայ ժողովրդի նվիրական պայքարի մարմնացումը՝ հանուն ազատ և անկախ ապրելու, արարելու և բարեկեցիկ ապագա կառուցելու: Այդ հիշարժան տոնը ապացույցն է սեփական ուժերին ապավինելու և հիմքը՝ նոր ձեռքբերումների ու սխրանքների:
Այսօր մեր գերխնդիրն է առկա մարտահրավերներին համարժեք ուժեղ պետություն կառուցելու, միավորելու յուրաքանչյուրիս ջանքերը այդ նվիրական գաղափարը կենսագործելու՝ բարձր պահելով հաղթանակները կերտած հերոսների հիշատակը, սերունդներին շռայլելով հայրենապաշտությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը:
Սիրելի՜ բարեկամներ,
Սրտանց շնորհավորում եմ Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի առթիվ՝ մաղթելով նոր հաղթանակներ երկրի զարգացման կարևոր այս փուլում, խաղաղություն և լավատեսություն»: