Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել մայիսի 25-26-ը հանձնված կորոնավիրուսի թեստերի վերաբերյալ։ Ըստ հաղորդման՝ ԱՊԼ-ի թիմերի անձնակազմից 1008 մարդ կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մարդկանց շրջանակում են ինչպես ֆուտբոլիստներ, այնպես էլ ակումբների աշխատակիցներ։
1008 թեստերից 4-ի պատասխանները դրական են եղել։ Հայտնի չէ՝ վարակակիրների թվում ֆուտբոլիստներ կա՞ն, թե՞ ոչ։ Բայց հայտնի է, որ 4 դրական պատասխանները ստացվել են 3 թիմում։
Մայիսի 19-22-ը Պրեմիեր լիգայի թիմերի ներկայացուցիչներից 996 մարդ թեստ էր հանձնել։ Այդ թեստերից 2-ը դրական էին եղել։ Երկուսն էլ տարբեր թիմերի ներկայացուցիչներ էին, սակայն նրանց անունները ևս հայտնի չեն։ Առաջին թեստավորումն արվել է մայիսի 17-18-ին։ Թեստ է հանձնել 748 մարդ։ Թեստերից 6-ի պատասխանները եղել են դրական։ Նրանք 3 ակումբի ներկայացուցիչներ են։ Չորրորդ թեստավորման ժամանակ յուրաքանչյուր թիմից կթեստավորվի 50-60 ներկայացուցիչ։