Apple ընկերությունը Paramount Pictures-ի հետ կմասնակցի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմի ստեղծմանը։ Գլխավոր դերերում են՝ Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո Դի Կապրիոն՝ հաղորդում է Ռիա նովոստին՝ հղում անելով Variety կայքին։
Ավելի վաղ Wall Street Journal թերթը գրել էր, որ Սկորսեզեի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Apple և Netflix ընկերությունների հետ ֆինանսավորման և նոր ֆիլմի ցուցադրության ուղղությամբ, քանի որ Paramount Pictures ընկերությունը այն շատ թանկ էր համարել։
Ըստ հրապարակման՝ Paramount Pictures-ը կզբաղվի ֆիլմի տարածմամբ, իսկ Apple-ը կֆինանսավորի այն։ Ըստ պարբերականի՝ գործարքը դեռ ավարտված չէ, բայց, ամենայն հավանականությամբ, համագործակցությունը դրական ավարտ կունենա։
Ֆիլմի սցենարը գրված է Դևիդ Գրաննի գրքի հիման վրա։ Իրադարձությունները տեղի են ունենում 1920-ականներին Օկլահոմա նահանգում։ ՀԴԲ-ն հետաքննում է Օսեյջ հնդկացիների ցեղախմբի սպանությունը։
Սա ռեժիսորի առաջին ֆիլմը չէ, որի ֆինանսավորումից Paramount-ը հրաժարվել է։ Գրեթե նույն պատմությունը տեղի է ունեցել «Իռլանդացին» ֆիլմի նկարահանման ժամանակ. ֆիլմը պետք է ֆինանսավորեր Paramount-ը, բայց թողարկեց Netflix-ը։