Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր և խորհրդարանի պատգամավորների անունից, Առաջին Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրվա առթիվ:
1918 թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի և միասնության դրսևորմամբ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը:
Հանրապետության տոնն իր մեջ կրում է Մայիսյան հաղթանակների խորհուրդը՝ վերածվելով հայ ազգի միասնականության և միաբանության լավագույն առհավատչյայի:
Երկրի և իշխանությունների առջև դրվող հրամայական խնդիրները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են լինում, սակայն միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը: Այդ համատեքստում անգնահատելի է պատմական և քաղաքական վճռորոշ իրադարձությունների ժամանակ ինքնամիաբանվելու, հաստատակամ և միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը:
Մաղթում եմ, որ կուռ և միասնական լինի հայի անպարտ ոգին, միաբանություն և միասնականություն Հայկական երկու պետություններին և աշխարհասփյուռ հայությանը:
Եվս մեկ անգամ շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրը»: