Խորհրդարանական քառօրյան այսօր մեկնարկեց երեկ քննարկված նախագծերի քվեարկությամբ։
Կառավարության ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն։
Նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 4 հազար ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ, 4 հազար և ավելի ընտրող ունեցող նաև բազմաբնակավայր համայնքներում՝ ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Սա նշանակում է, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում պետք է լինեն համամասնական ընտրակարգով ընտրություններ, որոնց կմասնակցեն կուսակցություններն ու դաշինքները։
Կառավարության ներկայացրած «Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ևս ընդունվեց 117 կողմ ձայնով։
Նախագծով առաջարկվում է պարզեցված կարգով փոփոխելու սպանդանոցների համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից անցում ենք կատարելու ամբողջական սպանդանոցային մորթի։
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու նախագիծը ընդունվեց միաձայն։
Համաձայնագիրը ներկայացնելիս՝ երեկ ՀՀ էկոնոմիկայի փոխանախարար Վարոս Սիմոնյանը նշեց, որ 2019 թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների կողմից որոշում կայացվեց, որ արտոնությունները 2020 թ. ևս 1 տարով երկարաձգվեն, բացառությամբ տրանսպորտային միջոցների: Ընդհանուր առմամբ, 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով:
Կառավարության ներկայացրած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն։
Հիշեցնենք, որ խորհրդարանում օրենսդրական նախագծով առաջարկվում էր մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների բնապահպանական հարկերից համայնքներին նպատակային ծրագրերի համար հատկացումներ անել։