ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն այսօր հեռավար ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ հայաստանյան բանկերը կորոնավիրուսի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ էականորեն վերանայել են են 540 հազար ֆիզիկական անձանց և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները: Ըստ նրա՝ քաղաքացիները շուրջ 3 ամիս հնարավորություն են ունեցել չմարել պարտավորությունները:
«Բարձր իրացվելիության բարձիկները, որ մեր ֆինանսական համակարգը՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները ունեին, նրանց հնարավորություն տվեց կամավոր կերպով, համագործակցելով նաև Կառավարության և ԿԲ-ի հետ, առաջիններից մեկը արձագանքել ֆինանսական համակարգում և տնտեսությունում տեղի ունեցող բացասական երևույթներին: Բանկերը և վարկային կազմակերպությունները հենց առաջիններից արձագանքելով՝ էականորեն երկարաձգեցին, վերանայեցին իրենց հաճախորդների, մեր համաքաղաքացիների վարկային պարտավորությունները»,- հայտարարել է Գրիգորյանը: