ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրեց, որ նոր՝ պարեկային ծառայության ներդրումը ենթադրում է պետբյուջեից մոտ 4 մլրդ դրամ ծախս:
«Երևանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության տարեկան աշխատավարձային ֆոնդը շուրջ 3 մլրդ դրամ է: Իսկ նոր՝ նախատեսվող պարեկային ծառայության դեպքում ունենք 4,3 մլրդ դրամ: Բայց հաշվի ենք առնում, որ ՃՈ և ՊՊԾ-ի գծով մենք ունենք նաև պարգևատրման ֆոնդ, և այդ ֆոնդի գումարային հաշվարկը համադրելով 4,3 մլրդ դրամի հետ՝ մենք Երևանում մի բան էլ խնայում ենք»,- տեղեկացրեց Գրիգորյանը՝ հավելելով, որ խոսքը հաջորդ տարվա՝ 2021 թվականի բյուջեի մասին է:
Ըստ նրա՝ մեքենաների և սպառազինությունների գծով էլ 3,3 մլրդ դրամի ծախս է հաշվարկված: Փոխնախարարը հավելեց, որ սրանք շատ նախնական թվեր են, քանի որ գնումները մրցույթներով են լինելու, և հաղթելու է նվազագույն գին-առաջարկը:
«Այս բոլոր թվերի համադրմամբ 2021թ. պետական բյուջեի վրա բեռը ծառայության ներդրման ուղղությամբ 4 մլրդ դրամի կարգի է լինելու»,-նշեց փոխնախարարը: