ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ սոցիալական աջակցության ծրագրերը թվով շատ են, բայց արդյունավետության տեսանկյունից խնդրահարույց են, կան խոչընդոտներ բանկային երաշխիքների տեսքով, և դրանում քաղաքացիներն էլ են համոզվել։ Գորգիսյանը նաև փորձեց ճշտել, թե հանրապետությունում հայտարարված կապիտալ շինարարության ո՞ր փուլում ենք, ինչո՞ւ են աշխատանքները հետաձգվում։
«Նախ՝ այդ բոլոր քաղաքացիներին ներկայացնելու իրավունք դուք չունեք, շատ քաղաքացիներ մեզ բազմաթիվ նամակներ են գրում և շնորհակալություն հայտնում: Մյուսը՝ երաշխիքի ինստիտուտը չի վերացվելու։ Ով ուզում է, որ վերացվի, նրանք լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատի ինստիտուտը շարունակվի։ Հիմա չգիտեմ, կարող ա՞ իշխանությանը ատկատ այլևս չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու, ուզում եք՝ օրը հազար անգամ հարցրեք»,- նշեց վարչապետը:
Պատգամավորի՝ շինարարության ծավալների վերաբերյալ հարցին ի պատասխան վարչապետն ասաց, որ կապիտալ շինարարությունը մեծ թափով է սկսվել, և հընթացս դրանց ծավալներն ավելանալու են: Եվ չի կարող որևէ մեկը շահագրգիռ լինել այդ պրոցեսով, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ բանկային երաշխիքը չի վերացվելու: