ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ոստիկանական բարեփոխումների արդյունքում մենք այլևս նախանձով չենք հիշի հարևան երկրում ժամանակին տեղի ունեցած բարեփոխումները։
«Մեր բնակչության մի զգալի մասը ամեն տարի երբ լինում էր հարևան հանրապետությունում, հետ էր գալիս ու համեմատության մեջ ասում էր՝ նրանք կարողացան, մենք չկարողացանք։ Վերջապես, այս ռեֆորմների արդյունքում հայտնի կարգախոսը կսկսի գործել՝ մերն ուրիշ է։ Հուսով եմ, որ կունենանք ավելի պաշտպանված ոստիկան, որովհետև ոստիկանական ամեն գործողությունից հետո միշտ ոստիկանը մեղավոր է դուրս գալիս․ վերջին գործողությունները Կապանում»,- նշեց Քոչարյանը՝ անդրադառնալով «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախագծերի փաթեթին:
Ըստ Քոչարյանի՝ բոլորս անելիք ունենք այս բարեփոխումների կայացման գործում։
«Իր տեսքով, որակով, ինտելեկտով այս ոստիկանությունը կտարբերվի մինչև այդ եղած այդ համակարգի մոտեցումներից։ Եթե հիշում եք, մենք ունեցել ենք նաև հրեշտակների ոստիկանություն։ Հրեշտակները այդպես էլ հրեշտակ չդարձան, որովհետև ինտելեկտուալ ներուժը բացակայում էր այդ համակարգից»,- ասաց նա: