ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ամիսներ առաջ ընդունված նոր օրենքի համաձայն, որով սահմանվում էր, որ աշխատող ուսանողները կարող են իրենց եկամտահարկը փոխանցել որպես ուսման վարձ, նախարարությունը արդեն սահմանե՞լ է այն մասնագիտությունները, որոնց ուղղությամբ ուսանողները կարող են օրենքի այս հնարավորությունից օգտվել։
Հարությունյանը նշեց, որ արդեն կան որոշակի մասնագիտությունների խմբեր, որոնք սահմանված են, բայց դրանք բարձրաձայնել նախարարը չցանկացավ՝ մինչև գերատեսչություններից կարծիքներ ստանալը։
«Բնական գիտությունների ուղղությամբ 42 մասնագիտություն ենք առաջարկել, հայագիտության և տարածաշրջանի պետությունների՝ 11, արվեստի՝ 11 մասնագիտություն, մանկավարժություն՝ 5, շինարարություն և արդյունաբերություն՝ 7 մասնագիտություն, սոցիալական ոլորտի՝ 5 մասնագիտություն, գյուղոլորտի՝ 4, իսկ ընդհանուր առմամբ՝ 84 մասնագիտություն, բայց այս թիվը դեռ վերջնական չէ»,- նշեց նախարարը։