Կառավարության այսօրվա նիստին արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Մեր ռազմավարական ուղղություններից է օրենսդրությամբ մաքրել բոլոր այն հնարավոր միջանցքները, որոնք հնարավորություն են տալիս որոշակի իրավունքի չարաշահման դեպքերով ծանրաբեռնել դատական համակարգը»,- նշեց Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս նախագիծը երկար ու տխուր պատմություն ունի։
«Հայաստանում պրակտիկա կա, երբ մարդկանց սահմանափակելու հայտնի մեխանիզմները դադարել են գործել ու հարյուրավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ ուղղակի ինչ֊որ մեկը, ընդհուպ անցորդ,- շատ չափազանցրի, հա՞,- ուղղակի վարչական դատարան է դիմում, ու այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է: Այս պահի դրությամբ մոտավորապես 450 միլիոն դոլարի կանգնած շինարարություն ունենք»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հիմա էլ դատարանը հնարավորություն ունի շինարարությունը կասեցնելու, բայց ոչ թե ինքնաբերաբար, այլ ամեն առանձին դեպքով միջնորդություն ներկայացնեն, ու եթե դա հիմնավոր է, տեղի է ունենում կասեցման որոշում։
Եթե մարդու շինարարությունը հինգ տարի կանգնեցրել են, հետո դատարանը որոշում է, որ սխալ են արել, այդ մարդու վնասները ո՞վ է փոխհատուցում, կա՞ նման պրակտիկա՝ վարչապետ Փաշինյանի հարցին փոխնախարարը շփոթված պատասխանեց․ «Ո՛չ, հարգելի՛ դատարան»:
Փոխնախարարի պատասխանը Կառավարության անդամների ծիծաղն առաջ բերեց: