ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Փաշինյանին խնդրեց մեկնաբանել Միքայել Մինասյանի հայտարարությունը՝ Հայաստանից մաքսանենգ ծխախոտի արտահանման վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված՝ ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցված առ այն, որ այդ անձի հովանավորությամբ Հայաստան են ներմուծվել ամենատարբեր ապրանքներ սիլիտրայի անվան ներքո՝ ՀՀ-ին պատճառելով մոտ 20 մլրդ դրամի վնաս:
Ինչ վերաբերում է ծխախոտի արտահանմանը, ապա, ըստ վարչապետի, վերջին 5 տարում այդ համակարգում ոչինչ չի փոխվել, իսկ եթե կա խնդիր, ապա պետք է պահանջել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից:
«Ինչ է կատարվում, օրինակ, դուք գիտեք, որ Կրասնոդարում բռնվել է մաքսանենգ բեռով ծխախոտ, որն արտահանվել է Հայաստանից: Եթե հետ պտտենք իրադարձությունը և քննենք ՀՀ մաքսային մարմինների գործողությունները, ապա այդ գործողությունների մեջ ոչ մի բան չի կարող փոխվել, եթե փոխվի՝ ապօրինի կլինի: Եթե այդ բեռն այսօր էլ լինի, թռչելու է: Եթե արտահանողը բեռը Ռուսաստանով տեղափոխում է Աֆղանստան, ինքնաթիռը լիցքավորման նպատակով Կրասնոդար է իջնում, այնտեղ բեռը թափում են, ՀՀ իշխանությունները դրա հետ որևէ կապ չունեն»,- պարզաբանեց Փաշինյանը:
Նա նշեց, որ կոռուպցիոներները վերջին օրերի իրադարձությունների արդյունքում «կսսկվեն», քանի որ, ըստ վարչապետի, քրգործում ներգրավված պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որոնցով մեղադրյալը և նրա ընտանիքը պիտի իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են իրենք, որից դուրս պրծնել չեն կարողանալու: Այս առիթով Փաշինյանը հիշեցրեց հայտնի շաղգամի պատմությունը: