Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե տեսչական մարմինները ինչ պատժամիջոցներ են կիրառել պարետատան սահմանած կարգը խախտած տնտեսվարողների նկատմամբ։
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրեց, որ արտադրամասերում, խանութներում, բանկերում, այն վայրերում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ և վարակի տարածումներ, տեսչական մարմիններն առաջինն են ստուգումներ անցկացնում։
«Այս մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ն այսօր պարետի որոշմամբ կփակվի։
Ընդհանուր առմամբ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմիչ խորհրդատվություն է իրականացվել 9561 տնտեսվարող սուբյկտի մոտ հանրային սննդի ոլորտում։ Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացքում արդեն իսկ դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն. 24-ժամյա ռեժիմի մասին է խոսքը»,- նշեց Ասոյանը։
Ասոյանի խոսքով՝ մանկապարտեզներում ստուգումներ են անցկացվել, դեռևս խախտումներ չեն հայտնաբերել, բայց արձանագրել են, որ հաճախելիությունը շատ ցածր է՝ շուրջ 8 տոկոս։