Կառավարությունն այսօր ընդունեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 19-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել քաղաքացիներին և առանձին տնտեսվարողներին՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը գործարար ծրագրերի իրականացման եղանակով հաղթահարելու համար։
«Օժանդակությունը նպատակ ունի ձեռնարկատիրական գիտելիքներն ընդլայնել այն անձանց համար, ովքեր որոշում են զրոյից բիզնես ստեղծել, և ապահովել նրանց ֆինանսական որոշակի հասանելիություն։ Միջոցառման առանձնահատկությունն այն է, որ այն ձեռներեցների հետ, ովքեր հաջողությամբ կլինեն սկսնակների համար նախատեսված միջոցառումների շահառու, հնարավորություն կունենան իրենց բիզնեսի զարգացման հաջորդ փուլում, նորարարական գաղափարներ ավելացնելով իրենց կողմից իրականացվող ծրագրերին, ընդլայնել Կառավարության աջակցությամբ իրականացվող ֆինանսական օգնությունը և նպաստել, որ ավելի արագ գնան զարգացման»,- ասաց նախարարը։
Խաչատրյանը հավելեց, որ Կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում բացառապես առանց գրավի։ Պայմանները հետևյալն են․ արժույթը՝ դրամ, առավելագույն ժամկետը՝ 60 ամիս, մինչև 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված, առավելագույն սահմանաչափը մեկ անձի համար՝ 10 միլիոն դրամ, վարկի տոկոսադրույքը՝ 7-ից 10 տոկոս։