ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը հարցի փոխարեն առաջարկ ներկայացրեց Կառավարությանը տրանսպորտի ոլորտի վերաբերյալ։ Պատգամավորը առաջարկեց տրանսպորտի կոմիտե ստեղծել, որտեղ օդը, ջուրը և ցամաքը սպասարկող տրանսպորտային միջոցները պետք է հավաքվեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկին ի պատասխան նշեց, որ, իհարկե, ոլորտում խնդիրներ կան, բայց նաև կան պատկերացումներ դրանք լուծելու։
«Մեր տրանսպորտի ոլորտում լուծվել է մի շատ մեծ խնդիր: Դա այն խնդիրն է, որ Հայաստանի քաղաքացիները կորոնավիրուսից առաջ 50, 60 եվրոյով թռչում էին Եվրոպա ու հետ էին գալիս։ Դա շատ մեծ խնդիր է, որը լուծվել է։ Հիմա Երևանում մենք ավտոբուսների պարկի թարմացման պրոցես ենք սկսում, և այդպես շարունակ։ Մենք մարզային տրանսպորտի խնդիրը լուծելու հետ նույնպես գործ ունենք։ Բայց դա իրականում միակողմանի խնդիր չէ։ Մենք պետք է հաշվենք, որ Հայաստանի 20 հազար քաղաքացի տաքսի վարելով է ընտանիք պահում։ Երբ տրանսպորտի ոլորտն այնպես համակարգենք, որ այստեղ ամեն ինչ հավսար-զգաստ վիճակում լինի, պետք է նաև դրա սոցիալական էֆեկտները կարողնաանք լուծել»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը հավելեց, որ կանոնակարգումները կսկսեն օդանավակայանի շրջակայքից, մինչև մարզային տրանսպորտի հարցի լուծում։
«Շատ լավ ծրագիր են մշակել, որ երթուղիները մրցույթի դրվեն ոչ թե մի ուղղությամբ, այլ ամբողջ մարզով։ Որովհետև խնդիր ունենք, որ շահավետ երթուղիներում մրցույթում մեծ թվով մասնակիցներ են, իսկ գյուղեր կան, որոնց ուղղությունները շահավետ չեն, ոչ մի կազմակերպություն մրցույթին չի մասնակցում։ Գաղափարն էն է, որ ամբողջ մարզը դրվի մրցույթում, որ շահութաբեր ուղղությունների եկամուտների հաշվին սպասարկվեն նաև ոչ շահութաբեր ուղիները»,- նշեց վարչապետը։