ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե մանկատանը և տարեցների տուն-ինտերնատում համավարակն ինչպես հայտնվեց և ինչ միջոցառումներ են արվում։
Նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դեռ փետրվարից հատուկ հրահանգներ են տրվել բոլոր փակ հաստատություններին՝ տուն-ինտերնատներին, մանկատներին, հատուկ խնամքի հաստատություններին, հոգեբուժարաններին, բանակին, որ տեղում միջոցառումներ իրականացնեն ռիսկը նվազեցնելու համար։
«Սակայն 100 տոկոսով բացառել դա հնարավոր չէ։ Մարդիկ պետք է գնան տուն, գան։ Դժբախտաբար, ունենք երկու նման օջախ։ Մեկը տուն ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը։ Գիտենք, որ երեխաների համար այս հիվանդությունն ավելի քիչ վտանգավոր է, հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ բժշկի մշտական ներկայությամբ, որ լինի հսկողություն և կարիքի դեպքում՝ հոսպիտալիզացիա։
Տուն-ինտերնատի մասով առաջին մի քանի օրերը նույն մեխանիզմով էինք աշխատում, մինչև վերջնական բացահայտեցինք վարակված անձանց։ Հիվանդանոցային բուժման կարիք ունեցողները տեղափոխվեցին հիվանդանոցներ, թեթև տանող տարեց պացիենտները տեղափոխվեցին հյուրանոցներ։ Ընդհանրապես, փակ հաստատությունները ամենախոցելի տեղերն են»,- նշեց Թորոսյանը։