Կառավարությունը քննարկեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին հավանություն տալու մասին հարցը։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ նախագիծը տրամաբանական շարունակությունն է հարկային համակարգում հայտարարված հայեցակարգային փոփոխությունների։
Ըստ Ջանջուղազյանի, ներկայացված նախագիծը հնարավորություն կտա տեսանելի հարստությունը հարկել համարժեք։
«Մենք գնահատել ենք միջազգային փորձը, և պարզվել է, որ Հայաստանը ուսումնասիրված 38 երկրների շարքում գրեթե առաջատար է գույքային հարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցության և ընդհանուր հարկերի մեջ գույքային հարկերի տեսակարար կշռի ցուցանիշով։ Սա արդյունքն է նրա, որ հարկման բազայի համար հիմք է ընդունվում կադաստրային արժեքը, որը էականորեն տարբերվում է շուկայական արժեքից։ Այս փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքային հարկման պոտենցիալը կաճի 4․3 անգամ»,- նշեց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ համայնքների հնարավորություններն էլ շուրջ 4 անգամ կաճեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա կարևորագույն ռեֆորմներից մեկն է, որը Կառավարությունը կիրագործի։
«Այս որոշումը ուղղակիորեն կապ ունի համահարթ եկամտի սահմանման որոշման հետ։ Այստեղ տեղի են ունենում հեղափոխական նշանակության փոփոխություններ։ Չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է։ Նախկինում մինչև 3 միլիոն դրամանոց գույքի համար ընդհանրապես հարկ չէր վճարվում։ Սա սխալ մոտեցում է»,- շեշտեց վարչապետը՝ հավելելով, որ պետք է պետական բյուջեի մասին մեր ունեցած պատկերացումներն ու վերաբերմունքը փոխվի։
Դա ազգային գրպանն է և պատկանում է բոլորիս, և պետական բյուջեին պետք է վերաբերվել ինչպես ընտանեկանի,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց նաև, որ գույքահարկը ավելանալու է։
«Առավելապես ավելանալու է այն գույքի վրա, որը մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն։ Եթե մենք նայենք, թե այսօր նրանք ինչպիսի հարկեր են վճարում, ըստ էության, սիմվոլիկ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ նախագիծը ազդեցություն կունենա նաև քաղաքաշինության վրա։