ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը։
Պատգամավորը հիշեցրեց, որ օրինագծի հիմնական կարգավորման շրջանակը վերաբերու է շրջիկ առևտրի կետերում ՀԴՄ սարքերի կիրառման կանոնների հստակեցմանը և օնլայն առևտրի ժամանակ էլեկտրոնային ՀԴՄ սարքերի և կտրոնների կիրառումն է։
«Ես կբնորոշեմ էս նախագիծը հեղափոխական, որովհետև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում։ Առաջինը․ դասական ՀԴՄ-ից օնլայն առևտրի դեպքում անցում ենք կատարում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների և հույս ունեմ առհասարակ դասական ՀԴՄ սարքերից կանցնենք էլեկտրոնայինի։ Գործող կարգավորումներով օնլայն առևտուր անելիս բիզնեսն ինչ աներ, ըստ էության, խախտում էր դուրս գալիս։ Եթե նախապես ՀԴՄ տպեր՝ խախտում էր անում, առաքեր, հետ գար, տպեր՝ խախտում էր, սարքը հետը տաներ, տպեր՝ խախտում էր։ Լուծումը տվել ենք։ Մատակարարումը չսկսած, քանի առաքիչը դուրս չի եկել, տպի և իր հետ վերցնի ՀԴՄ կտրոնը, ապա դա չի համարվի խախատում, դա է միակ թույլատրելի եղանակը»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ նախագիծը ներկայացնելիս, պատգամավորը նշել էր, որ նախագծով կատարվում են համապատասխան փոփոխություններ Հարկային օրենսգրքի մի քանի հոդվածում։ Մասնավորապես՝ 380-րդ հոդվածը, որը վերաբերում է Հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտին, մենք էստեղ ավելացնում ենք նաև շրջիկ առևտրի կետերի հատվածը։ Այսինքն՝ ՀԴՄ մեքենաների կիրառությունը պարտադիր է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի համար։
Կարգավորման համաձայն՝ շրջիկ առևտրի կետում մանրածախ վաճառք իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ՀԴՄ կտրոնների վրա պետք է տպված լինեն նաև ապրանքի դիրք, ծառայության անվանում, կոդ, գնվող ապրանքի քանակ, չափման միավոր և այլն։ Պապոյանը նշեց, որ դա արվում է, որ հստակություն լինի, թե ինչ է վաճառվել այդ շրջիկ առևտրի կետից, նաև քանակն ու չափը։