ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխան ժամանակ նշեց, որ վերջերս ադրբեջանական հակահայ քաղաքականությունն ակտիվացել է. ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էր հակահայ նյութ հրապարակել, Գերմանիայի ԱԳ նախարարությունն էլ կոչ էր հրապարակել իր քաղաքացիներին Արցախ չայցելելու վերաբերյալ, այցելելիս էլ պետք է տեղյակ լինեն, որ կարող են քաղաքական հետապնդման ենթարկվել: Այս սրացումներին մենք համապատասխանորեն արձագանքո՞ւմ ենք՝ հարցրեց Սիմոնյանը:
«Նորություն է ձեզ համար, կարծես: Այդ հոդվածները չեն շատանում, դրանք շատ են և շատ են լինելու: Սա իրականությունն է, և սա եղել է միշտ։ Դրա համար որևէ զարմանալու բան չկա, մենք դրան ամեն օր ենք առնչվում՝ տարբեր ձևաչափերով: Դա քարոզչական մրցակցության գործընթաց է: Դա չի սկսվել այսօր և չի ավարտվելու վաղը»,- նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Գերմանիայի ԱԳ նախարարության զգուշացման մասով նախարարը նշեց, որ սա նույնպես նոր չէ, բայց խնդրեց չդատել մեր գործընկերների դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում ճանապարհորդությունների հորդորների միջոցով։
«Գերմանիայի դիրքորոշումը ԼՂՀ-ի հարցում առավել քան մեկ անգամ և առավել քան հստակ արտահայտված է բազմաթիվ՝ առավել ևս՝ ամենաբարձր մակարդակով»,- նշեց Մնացականյանը։