Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ հանգստյան օրերին, իր տվյալներով, սպասվում են դպրոցների ավարտական շրջանի հետ կապված միջոցառումներ: Նախարարը կոչ արեց առայժմ հրաժարվել այդ մտքից և չանցկացնել որևէ բազմամարդ միջոցառում։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ առաջիկա չորս օրերը կորոնավիրուսի վարակի տարածման առումով ռիսկային են, քանի որ հանգստյան օրեր են:
«Մենք ասել ենք, որ Վերջին զանգը մեր շրջանավարտների համար շատ կարևոր միջոցառում է, և խոստացել ենք, որ համավարակի հաղթահարման դեպքում մենք մեկ օր կնշանակենք և ամբողջ պետությունում կնշենք այդ օրը: Բայց հիմա պետք է զերծ մնալ ու խստագույնս պահպանել պարերատան որոշումներն ու Առողջապահության նախարարության ցուցումները»,- ասաց նախարարը:
Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե պարզվեն՝ դպրոցի ավարտական դասարանները միջոցառումներ են անցկացրել, դա իր հետևանքը կունենա դպրոցի տնօրենի և համայնքի ղեկավարի վրա:
«Եվ հետագայում, երբ մենք տեղեկատվությունը կհավաքենք, թե որտեղ ու ովքեր են նման միջոցառումներ իրականացրել կանոնների խախտմամբ, դա պետք է որոշակի կոնկրետ հետևանք ունենա դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ոստիկանությունը պետք է, օպերատիվ տեղեկատվությանը տիրապետի, թե ովքեր են, որ կանոններին չեն ենթարկվում: