Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին քննարկումներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ։
«Մեր համոզմունքն է, մասնագետների հետ երկար խորհրդակցությունների արդյունքում եկել ենք եզրակացության, որ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն․ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ու լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելվ, որ խնդիրը մնում է հանրային վարքագծի փոփոխությունը։
Վարչապետը նշեց, որ այսօրվա ցուցանիշները ցույց են տալիս՝ մենք չենք սովերել ու չենք սովորում ապրել կորոնավիրուսին զուգահեռ, այնինչ՝ պետք է, քանի որ դեռ մեկ տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում։
«Եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորնավիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ։ Մեր խնդիրն է՝ ապահովել կանոնների պահպանումը երկու մեթոդով։ Առաջինը հանրային հաղորդակցությունն է, բարձրացնել մեր հայրենակիցների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասով, իսկ առանձին ոլորտների մասով սահմանվել են կանոններ, որոնց պահպանումը 90 տոկոսով երաշխավորում է, որ կորոնավիրուսի տարածման դեպքեր չենք ունենա։ Երկրորդ մեթոդը վարչականն է։ Որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որ բոլոր քաղաքացիները կիրառեն այդ կանոնները»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։