Ազգային ժողովը սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումը: Օրինագծով հնարավորություն է տրվում արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
«Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ, այն է՝ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»,- մանրամասնեց պատգամավորը:
Ըստ Հովակիմյանի՝ ներկայացված օրենսդրական փոփոխությունը միտված է կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա: