Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը 966 արձանագրություն է կազմել։
«Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում՝ 657 արձանագրություն, որից 594-ը տաքսիների, իսկ 63-ը՝ հանրային տրանսպորտի, ավտոբուսների վարորդների և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Ինչպես նաև երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ է արձանագրվել, որոնք եղել են միևնույն ընտանիքի անդամներ կամ առհասարակ քաղաքացիներ, որոնք երթևեկել են տրանսպորտում՝ առանց պահանջների պահպանման»,- հայտարարեց Սարգսյանը։
Ոստիկանապետը նշեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության միջմարզային ավտոճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվով անցակետեր, որոնք կստուգեն կանոնների պահպանման պատշաճ մակարդակը։
Վարչապետը հավելեց, որ ակնկալում է՝ մեր միջոցառումները ամեն օր պետք է ավելի խստացվեն ու լրջանան, և փողոցներում այդ խստությունը զգացվի։
Փաշինյանը հավելեց, որ այսօր ևս որոշ վայրերում կիրականացվեն ստուգումներ՝ պարզելու, թե որքանով են միջոցառումները պահպանվում ու կատարվում։