Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը մանրամասնեց, թե ինչու են փոփոխությունները փուլային ներդնում հենց Երևանում:
Ըստ նրա՝ Երևանում պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է, իսկ հանրապետությունում ամբողջական ներդրման համար ժամկետ է սահմանված 2022-ի առաջին եռամսյակը։
«Եթե մենք որևէ փոքր մարզում անենք պիլոտ, մարզի տվյալները նույն խնդիրները չեն գեներացնելու, ինչը կգեներացնենք Երևանում, և մենք փորձել ենք լինել հավակնոտ։ Ինչո՞ւ Երևանը։ Որովհետև մեծապես կարևոր է, թե երկիրը առաջին փուլով, մեկ կրթական ցիկլով մաքսիմում քանի պարեկային ծառայող կարող է պատրաստել՝ չունենալով կրթության որակի որոշակի կոմպրոմիս»,- նշեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ երեկ նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության փոխնախարարը նշել էր, որ Էականորեն տարբերվելու է և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակետային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը։ Ոստիկանության հետ համատեղ արդարադատության նախարարության մշակած նախագծերի այս փաթեթը սահմանում է պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը, ծառայողների պաշտոնները, նրանց ներկայացվող պահանջները, համալրման համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց կրթությանը վերաբերող դրույթները։
Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա կրթական վերապատրաստման ծրագրի արդյունքում։ Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում՝ մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը։ Ամբողջ հանրապետությունում կգործարկվի մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը։
Նոր պարեկային ծառայության համար նախատեսվում է նոր համազգեստ, զենքի, տրանսպորտային միջոցների ու տեխնիկական սարքավորումների նոր հագեցվածություն։ Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոնը, որը բացի զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթները։