Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչ հանձնարարականներ են ստացել իր կողմից պատկան մարմինները՝ անհրաժեշտ կանոնների չպահպանման դեպքեր հայտնաբերելու, համապատասխան պատիժներ սահմանելու հարցում։
Փաշինյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում տասնյակ ու հարյուրավոր հիմնարկ-ձեռնարկություններ են փակվել, հարյուրավոր քաղաքացիներ տուգանվել են, հարյուրավոր տրանսպորտային միջոցներ են տարվել տուգանային հրապարակ։
«Այսօրվանից մենք ստուգումների պրակտիկա ենք կիրառում։ Այսօր, օրինակ՝ առավոտյան միայն մի վարչական շրջանում երկու ժամվա ընթացքում 35 տաքսի մեքենայի վարորդ է ենթարկվել պատասխանատվության, տրանսպորտային տասնյակ միջոցների վարորդներ են ենթարկվել պատասխանատվության։ Երեկ գործնականում ամբողջ Կասկադի սրճարանները և ռեստորանները փակվեցին, և մենք այս առումով գնալու ենք շատ խիստ մեթոդների։ Բոլորը պետք է հասկանան, որ պարետատան սահմանած կանոնների խախտումը բերելու է անխուսափելի պատասխանատվության, և դա վերաբերում է և՛ ուղևորներին, և՛ վարրորդներին, և՛ ձեռնարկատիրական ընկերությունների աշխատողներին: Սրա նպատակը ոչ թե պատժելն է, այլ օգնելը, որ քաղաքացիական գիտակցության մակարդակը բարձրանա»,- ասաց վարչապետը։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ վերջին օրերին ծավալային առումով աճել են տնտեսավարողների նկատմամբ սահմանափակումները: «Մենք սահմանեցինք 12 ոլորտային կանոնները տնտեսական գործունեության տեսակների համար: Մենք մոտավորապես օրական սահմանափակումներ կիրառում ենք 100-ից ավելի տնտեսավարողների մոտ: Հուսով եմ, որ այս թիվը ժամանակի ընթացքում կնվազի, ոչ թե կաճի»,- շեշտեց Ավինյանը: