«Երկար տարիներ Հայաստանում խոսվում էր հեղափոխություն անելու մասին, և մեր գաղափարախոսությունն էր, որ հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին դա ուզենա»,- պարետատանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նույն մեթոդը շարունակվում է նաև այսօր:
Պատասխանելով լրատվամիջոցի հարցին, թե ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ երեկ վարչապետն ասել էր՝ կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ տված սխալը գուցե քաղաքացիների անհատական պատասխանատվությանը չափից շատ վստահելն է, Փաշինյանը պարզաբանեց. սխալ ասվածը չակերտներում է, քանի որ իրենց գաղափարախոսության առանցքային մասն է ամեն ինչ անել՝ հենվելով քաղաքացիների անհատական վարքագծի վրա։
Վարչապետը հիշեցրեց՝ երբ 2019 թվականի բյուջեի նախագիծն էին ներկայացնում՝ ասում էին, որ տնտեսական աճի և տնտեսական հեղափոխության մոդելի հիմքում քաղաքացու անհատական մոդելի փոփոխությունն է։
«Երբ տեղի ունեցավ քաղաքացու քաղաքական վարքագծի փոփոխություն՝ տեղի ունեցավ հեղափոխություն։ 2019 թվականին տեղի ունեցավ քաղաքացու տնտեսական վարքի փոփոխություն՝ տեղի ունեցավ աննախադեպ տնտեսական աճ։ Հիմա մեր ուղերձը դա է, երբ քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա՝ մենք կունենանք համաճարակի հաղթահարում։ Վարչական լծակներ ենք գործարկում, բայց, կարծում եմ՝ նաև մեր Կառավարության ծագումնաբանությունը թույլ չի տալիս ամենադաժան դիկտատորական մեթոդներ կիրառել»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ բոլոր այն կանոնները, որ սահմանված են քաղաքացիների համար, պահպանում են նախ իրենք ու նույնն էլ ակնկալում են նրանցից։